Նորություններ

ՀՊՄՀ ռեկտորի ուղերձը՝ գիտելիքի և դպրության օրվա առթիվ

ՀՊՄՀ ռեկտորի ուղերձը՝ գիտելիքի և դպրության օրվա առթիվ

01.09.2024

Սիրելի՛ ուսանողներ և դասախոսներ, աշակերտներ և ուսուցիչներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի՝ Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ:

Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող համալսարանում սովորելն ու աշխատելը առաջին հերթին մեծագույն պատասխանատվություն ու առաքելություն է սերունդների առջև, որոնց դուք կրթելու եք։

Շնորհավորում եմ 2024-2025 ուսումնական տարվա առթիվ, մաղթում եմ խաղաղ և բարօր երկրում կրթվելու և ստեղծագործելու անսպառ եռանդ: Oրը խորհրդանշական է հատկապես Մանկավարժական համալսարանի 1-ին կուրսերի ուսանողների համար․ ուզում եմ հավատացած լինել, որ այս պահից սկսած կձգտեք լինել լավ մասնագետ ու հատկապես՝ լավ ուսուցիչ, և որպես ջահակիր՝ լույս ու գիտելիք կտարածեք ամենուր՝ բոցավառելով հայրենատեր նոր սերունդների։

Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի, անխախտ հավատի ու անսպառ նվիրումի շնորհիվ կկարողանանք գործով ու կրթվելու ձեր պատրաստակամությամբ նորովի արժևորել ուսուցչի կերպարն ու համբավը, որ հաջորդիվ ունենանք մանկավարժների բանակը համալրող առավել հզոր բանակ։

Սիրելի՛ սովորողներ և աշխատողներ, պատասխանատվությամբ և սրտացավությամբ մոտեցեք ձեր ընտրած մասնագիտությանն ու աշխատանքին, զգուշությամբ այն վեհ կոչմանը, որը բոլոր ժամանակներում ունի անփոխարինելի առաքելություն։ Լիահույս եմ, որ ուսումնական տարին կսկսենք գիտության և կրթության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները միասնաբար հաղթահարելու ձգտումով․ այդ ճանապարհին ուսուցչի և դասախոսի, աշակերտի և ուսանողի կողքին է մանկավարժական Մայր դարբնոցը՝ իր հնարավորությունների ողջ զինանոցով աջակցելու կրթության գործի նվիրյալներին։
Բարի երթ և արգասաբեր ուսումնական տարի եմ մաղթում։

ՍՐԲՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

 

Comments are closed.