Նորություններ

Մրցույթ՝ «Տարվա լավագույնները»

Մրցույթ՝ «Տարվա լավագույնները»

17.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթի հայտերի ընդունելություն:

Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է՝ ԿԳՄՍ նախարարի 2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն:

«Տարվա լավագույնները» մրցույթի նպատակն է՝ խրախուսել մասնագիտական (կրթական, առարկայական) խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական, հետազոտական աշխատանք կատարող մանկավարժներին, խթանել նրանց կողմից նոր նախագծերի իրականացումը, տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ մանկավարժի հեղինակության բարձրացմանը: Մրցույթը նպատակ ունի նաև ոգևորել ստեղծագործական, հետազոտական աշխատանք կատարող, կառավարման ժամանակակից միջոցներին տիրապետող տնօրեններին, նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց մանկավարժական և ղեկավարման առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ մանկավարժ-ղեկավարի հեղինակության բարձրացմանը: Մրցույթի նպատակներից է նաև խրախուսել երեխաների կյանքի և առողջության պահպանման, նրանց ներդաշնակ ու համակողմանի զարգացման ուղղությամբ կրթադաստիարակչական աշխատանքում մեթոդական, գործնական խորը պատրաստվածություն ցուցաբերած, հմուտ, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժական աշխատողներին, խթանել նրանց կողմից նոր նախագծերի իրականացումը, ընդհանրացնել նրանց մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ նրանց հեղինակության բարձրացմանը:

Մրցույթին կարող են մասնակցել.

  • հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը,
  • հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը,
  • հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը,
  • տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՏՄԱԿ) կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։

Մրցույթը կազմակերպվում է հետևյալ առանձին անվանակարգերով.

  1. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն
  2. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ
  3. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝

ա. «Հայոց լեզու և գրականություն»

բ. «Հայրենագիտություն»

գ. «Օտար լեզուներ»

դ.«Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)»

ե. «Հասարակություն, հասարակական գիտություններ»

զ. «Արվեստ և արհեստ»

է. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»

  1. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար
  2. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար
  3. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական
  4. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան
  5. Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն
  6. Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ
  7. Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ)
  8. ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան
  9. ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական աշխատող
  10. ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ:

Մրցույթի կազմակերպման և անցկացման վերաբերյալ մանրամասները՝ https://escs.am/am/news/24393

Comments are closed.