Նորություններ

Բացվել է Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ

Բացվել է Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ

30.09.2024

Այսօր տեղի ունեցավ Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակի բացման արարողությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում: Այն նախաձեռնել եւ իրագործել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: Բացման արարողությանը հաջորդեց մրցանակի արժանացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն  վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որը պատմում է Մարդիգանյանի՝ դեպի մեծ էկրան արտասովոր ճանապարհի մասին:

Ավրորա Մարդիգանյանը երիտասարդ աղջիկ էր, որն, անցնելով Հայոց ցեղասպանության սարսափների միջով,  կարողացավ նոր կյանք սկսել Ամերիկայում: Նա դարձավ համր կինոյի դարաշրջանի հոլիվուդյան աստղ եւ բարերար: Նրա պատմությունը խորապես հուզել էր Նուբար Աֆեյանին, Վարդան Գրեգորյանին եւ Ռուբեն Վարդանյանին, որոնք 2015 թ. որոշեցին ի պատիվ նրա անվանակոչել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվեց՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների:

Հուշակոթող-քանդակը հարգանքի տուրք է նաեւ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած 1.5 միլիոն սրբադասված նահատակներին: Հուշարձանին ի պահ է տրված  Ավրորա Մարդիգանյանի՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող ընդհանուր գերեզմանից վերցված հող եւ Դեր Զորի անապատի զոհերի մասունք՝ բերված Լիբանանի Անթիլիաս քաղաքից։

Հուշակոթող-քանդակը հանդիսավոր բացեցին Վերոնիկա Զոնաբենդը եւ Աննա Աֆեյանը`  միանալով «Ավրորայի»՝ մարդասիրության եւ երախտագիտության կոչին: Միջոցառմանը ելույթ ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ, որը ներկաներին հուզեց հայկական ստեղծագործությունների տպավորիչ կատարումներով:

Հատուկ այս առիթով  Մատենադարանից դուրս է բերվել  XXI դարում այնտեղ ստեղծված առաջին՝  «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրության ներկայացվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատմությանն ու գործունեությանը նվիրված այս յուրօրինակ ձեռագրի վերջին էջը՝ նորաբաց հուշակոթող-քանդակի պատկերով: «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը կցուցադրվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մինչեւ 2024 թ. հոկտեմբերի 7-ը:

Comments are closed.