Նորություններ

ՀՊՄՀ ռեկտորի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ

ՀՊՄՀ ռեկտորի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2024

Սիրելի՜ ներկա և ապագա ուսուցիչներ, կրթության ոլորտի առաջնորդներ ու մշակներ, շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ։

100-ից ավել երկրներում այսօր նշում են ուսուցչի մասնագիտական տոնը։ Այդ երկրների շարքում Հայաստանն ունի իր առանձնահատուկ տեղը, քանի որ դարեր շարունակ ուսուցիչը մեզանում եղել է ամենահեղինակավոր ու պատվարժան մարդը։ Նա է կրթել երկրի քաղաքացուն, հայրենիքի պաշտպանին, գիտնականին ու մշակին՝ առաքելությամբ, որ հենց նրանց ձեռքերում է հայրենիքի ապագան։

Այդ համատեքստում Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող Մայր դարբնոցն ունեցել է և այսօր էլ ունի կարևորագույն նշանակություն, քանի որ ուսուցչի կարիք միշտ կա, և ոչ մի տեխնոլոգիական նվաճում չի կարող փոխարինել նրա նվիրումին, անձնուրաց ու անփոխարինելի աշխատանքին։ Այսօր էլ Մանկավարժական համալսարանն իր ամենօրյա աշխատանքով շարունակում է կրթել ուսուցիչների նոր սերունդներ, որոնք կշարունակեն մաշտոցյան բազմադարյան առաքելությունը՝ միաժամանակ պատրաստ լինելով փոփոխվող աշխարհի սրընթաց զարգացումներին ու ժամանակակից աշակերտի պահանջներին։

Սիրելի՜ ուսուցիչներ, դժվարին են ժամանակները, դժվարագույն՝ Ձեր առջև դրված խնդիրները։ Եկեք միասին, համատեղ ուժերով հաղթահարենք այդ դժվարությունները, հայ երեխային փոխանցենք կարևորագույնը՝ գիտելիքն ու նորն իմանալու ձգտումը։ Այդ ճանապարհին խոչընդոտները շատ են, սակայն վստահ եղեք, որ ՈՒՍՈՒՑԻՉ լինելը մեծագույն պատիվ է, կոչում և առաքելություն։ Որպես սերմնացաններ՝ շաղ տվեք գիտելիքի սերմերը և տարիներ անց Ձեր նվիրումի շնորհիվ մեր հասարակության մեջ կգտնենք բարեբեր պտուղները։

Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մանկավարժական մայր դարբնոցի ուսանողներին՝ ապագա ուսուցիչներին, որոնք արդեն իսկ զինվորագրվել են այն մեծ բանակին, որի առաջին ուսուցիչն է եղել Մեսրոպ Մաշտոցը։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում եմ անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ:

Հիշեք՝ դուք ազգապահպանության առաջնագծում եք, ու ձեր շնորհիվ մենք պետք է ունենանք կիրթ, բանիմաց, հայրենասեր ու հայրենատեր սերունդներ։  Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր

 Սրբուհի Գևորգյան

 

Comments are closed.