Նորություններ
Իտալիայում հայտնաբերել են Պիկասոյի՝ նախկինում անհայտ բնօրինակը
04.10.2024
Կնոջ դիմանկարը, որը 1962 թվականին Կապրի կղզում գտնվող իր տան նկուղում գտել է իտալացի առևտրական Լուիջի Լո Ռոսսոն, իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973) բնօրինակ գործն է:
Նշվում է, որ նկարը մի քանի տասնամյակ կախված է եղել առևտրականի տան հյուրասենյակում, հետո նրա որդին սկսել է կասկածել, որ այն կարող է պատկանել Պիկասոյի վրձնին։ Դրանից հետո ընտանիքը դիմել է փորձագետներին, որոնք երկարատև ուսումնասիրության ընթացքում հաստատել են կտավի իսկությունը։
Դիմանկարում պատկերված է ֆրանսիացի նկարչուհի և լուսանկարիչ Դորա Մաարը, որը եղել է Պիկասոյի սիրուհին և մուսան։ Կտավի արժեքը գնահատվում է 6 միլիոն եվրո: Նկարիչը հաճախ է այցելել Կապրի կղզի։ Ենթադրվում է, որ նա կարող էր այդ դիմանկարը նկարել 1930-ից 1936 թվականներին։