Նորություններ
«Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակը՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար
09.10.2024
«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծվել է «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հավաքածուից։
1874 թ.-ին Պոլսում գրավոր առաջին անգամ հրատարակվել է «Սասունցի Դավիթ»-ը՝ հայ մեծագույն էպոսը, որը դարեր շարունակ գոյատևել է ժողովրդի հիշողության մեջ: Շոշափելի կրկնօրինակը ստեղծվել է ի հիշատակ «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին հրատարակության 150-ամյակի, Ավետիք Իսահակյանի «Սասմա Մհերը» պոեմի 105-ամյակի: Այս եզակի գորգը ստեղծվել է 1939 թ-ին՝ էպոսի 1000-ամյակի առիթով։ Մեկ տարի անց Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը նվիրում է այն Ավետիք Իսահակյանին՝ բանաստեղծի 65-ամյակի կապակցությամբ։ Հայ դյուցազներգությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Իսահակյանի ստեղծագործությունում․ Վարպետը մշակել է էպոսի չորրորդ ճյուղը՝ «Փոքր Մհերը»: «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծված շոշափելի կրկնօրինակը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։
Պատկերը կկարողանան «տեսնել» կույր և տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ։ Շոշափելի գորգն ապահովված է տիֆլոմեկնաբանությունով (տիֆլոմեկնաբան՝ Արման Նավասարդյան)։ Բրայլի այբուբենով ներկայացված տեղեկատվությամբ, QR-կոդով՝ YouTube-յան ալիքում տեղադրված տիֆլոմեկնաբանության հղումով։ Տիֆլոմեկնաբանությունները ձևավորվում են համապատասխան երաժշտությամբ։ Նախագծի ձայնային ինժեները, ռեժիսորը և գլխավոր փորձագետը Վահան Նահապետյանն է։