Նորություններ

Շնորհանդես ՝ Մանկավարժականում

Շնորհանդես ՝ Մանկավարժականում

11.10.2024

Մանկավարժական համալսարանում կայացավ «Պատանի բնագետի հանրագիտարան» և Հետաքրքրաշարժ բնագիտություն» գրքերի շնորհանդեսը։ Հեղինակներն են ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանագուլյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոս Մաիլյանը, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Մելիքյանը։ Խմբագիրը Հասմիկ Գուլակյանն է։

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, բուհի ղեկավար կազմը, գրքերի հեղինակները, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ։
ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը նշեց, որ շնորհանդեսը նվիրված է Ուսուցչի օրվան և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց ներկաներին, մաղթեց ձեռքբերումներ և անսպառ եռանդ կարևոր աշխատանքում։

Պրոֆեսոր Գևորգյանն ընդգծեց՝ գրքերը յուրահատուկ արժեք ունեն ոչ միայն գիտակրթական տեսանկյունից․ դրանք նաև հրատապ են և արտացոլում են հանրակրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները։

Սրբուհի Գևորգյանը նշեց նաև՝ գրքերի ստեղծման աշխատանքները սկիզբ են առել ՀՊՄՀ-ի Բնագիտական լաբորատորիայում․ որպես նվեր դրանք փոխանցվեցին դպրոցական համայնքների ներկայացուցիչներին՝ ակնկալելով գնահատականներ դասագրքերում ներկայացված թեմաների, ուսուցման որակական փոփոխությունների վերաբերյալ։

«Պատանի բնագետի հանրագիտարան» հայերեն դպրոցական բնագիտական բառարանը հանրագիտարանի առաջին փորձն է՝ հիմնական դպրոցի ծրագրերի շրջանակում։ Այն բաղկացած է երկու բաժնից՝ ընդհանուր հասկացություններ և անձնանուններ։ Եզրույթներն ընտրելիս կարևորվել են դպրոցական դասընթացում ընդգրկված բնագիտական հիշյալ առարկաների հիմնարար, ինչպես նաև առավել գործածվող հասկացությունները։ Բովանդակային առումով դրանք ներկայացված են ամփոփ և ինչ-որ տեղ լրացնում են ծրագրային նյութը։

«Հետաքրքրաշարժ բնագիտություն» ուսումնական ձեռնարկը նախատեսված է հանրակրթական դպրոցի 5-9-րդ դասարանցինների համար։ Այն ներառում է տարատեսակ մարմիններին, երևույթներին վերաբերող հետաքրքրաշարժ հարցեր, խնդիրներ, գործնական առաջադրանքներ։

Սրբուհի Գևորգյանը կարծում է, որ ձեռնարկներում ներկայացված են մանկավարժահոգեբանական կարևոր և անհրաժեշտ մոտեցումներ, որոնք օգտակար կլինեն բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչներին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը բարեփոխումների այս ժամանակաշրջանում հատկապես անգնհատելի համարեց ուսուցիչների դերն ու ընդգծեց՝ նրանց շնորհիվ է հնարավոր ունենալ գիտակից, հավասարակշռված, արժեքային որոշակի համակարգով քաղաքացիներ։

Արաքսիա Սվաջյանն` ի դեմս ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի, շնորհակալություն հայտնեց հեղինակներին, որոնց շնորհիվ դպրոցականները հնարավորություն կունենան ուսումնասիրելու բնագիտական ոլորտին առնչվող լրացուցիչ նյութեր․ «Բնագիտական առարկաների դասավանդումն արդյունավետ, հետաքրքիր, մոտիվացնող դարձնելը մեր ամենակարևոր մարտահրավերներից է։ Վստահ եմ՝ գրքերն օգնելու են ուսուցիչներին հարստացնելու իրենց դասերն ու հետաքրքիր դարձնել դրանք՝ բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը»։

«Ես ձեզնից մեկն եմ»,-դահլիճում ներկա մանկավարժներին դիմելով` նշեց գրքերի աշխատանքային խմբի ղեկավար, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանն ու հավելեց՝ ինքն էլ է ուսուցիչ․70-ականներից մինչ օրս դասավանդում է դպրոցում։ Ուսուցիչն, ինչպես նախկինում, այսօր էլ իր համար անառարկելի հեղինակություն է համարում այնպես, ինչպես ծնողին՝ տանը։ Ակադեմիկոսն ասում է ՝ դրանք նախկինում լրացնում էին միմյանց՝ լուծելով սերունդներ կրթելու հարցը։

Պրոֆեսոր Ղազարյանը խոսեց բնագիտական ոլորտում առկա բացերի մասին, իսկ աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի աշխատանք մեծ նվիրում համարեց դպրոցին, ուսուցչին։ Լիահույս է՝ եռալեզու հանրագիտարանը, որում զետեղված են համաշխարհային ճանաչում ունեցող հայ խոշորագույն գիտնականների կենսագրությունները, խթան կհանդիսանան աշակերտների, ուսանողների համար, որ իրենց նվիրեն հենց այս գիտությանը։

Գրքերի ստեղծման աշխատանքներին անդրադարձավ նաև խմբագիր Հասմիկ Գուլակյանն ու հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց ձեռնարկի ստեղծման մասին։

Միջոցառոիմն ամփոփվեց մշակութային համարներով՝ ելույթ ունեցան ՀՊՄՀ-ի և բուհի հիմնական դպրոցի պարային ու երաժշտական բաժինների ուսանողներն ու աշակերտները։

Comments are closed.