Նորություններ
Հայաստանի ազգային գրադարանը ձեռք է բերել 2 հազվագյուտ հրատարակություն
18.10.2024
Հայաստանի ազգային գրադարանը ձեռք է բերել երկու հազվագյուտ հրատարակություն։
Գրքերից մեկը Եփրեմ Ասորու «Գիրք աղօթից»-ն է։ Սբ. Եփրեմ Ասորին ապրել է 4-րդ դարում Ասորիքում: Նա մինչև 5-րդ դարը ներառյալ ապրած տասներկու տիեզերական սուրբ վարդապետներից մեկն է։ Ծնվել է Մծբին քաղաքում, 306թ-ին, քրիստոնյա ծնողներից: Եփրեմ Ասորու գործերի մի զգալի մաս պահպանվել է հայերեն թարգմանություններով։
Ասորու «Գիրք աղօթից» գիրքը լույս է տեսել Կ.Պոլսում, Մարտիրոս Սարգսյանի տպարանում, 1734 թ-ին։ Ունի 95 զարդափակ էջ։ Գրքի հիշատակարանում հրատարակիչը խնդրում է հիշել իր ծնողներին, եղբայրներին։ Ամենավերջում խնդրում է հիշել նաև իրեն. «… զանպիտան տպօղս զՄարտիրոս չնչին դպիրս»։
Ազգային գրադարանի օրինակում գրքի տիտղոսաթերթը և 2-րդ էջը բացակայում են։ Գրադարանը մինչ այժմ ուներ նույն գրքի թվային օրինակը, որը հասանելի է «Հայ գիրք» շտեմարանում և թվայնացվել է Մատենադարանի օրինակից։
Երկրորդ ձեռքբերումը 1888 թ-ին Կ.Պոլսի Ա. Յ. Պոյաճեան տպարանում հրատարակված հայատառ թուրքերեն Աստվածաշունչ է։