Նորություններ
«Ոսկե դուբլ». «Արարատ 73»-ի և Նիկիտա Սիմոնյանի մասին պատմող սպորտային դրաման մեծ էկրանին կհայտնվի 2025 թվականին
22.10.2024
Հայաստանում ընթանում են AP Cinema կինոընկերության և START առցանց կինոթատրոնի համատեղ նախագծի՝ «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները։
«Ոսկե դուբլ»-ը նվիրված է Նիկիտա Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերայի փուլերից մեկին։ Հենց իր գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը 1973-ին կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ անել «Ոսկե դուբլ»՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր:
«Ոսկե դուբլ» ֆիլմի նկարահանման կապակցությամբ «Սպարտակ» ՖԱ թանգարանի պատմության մեջ առաջին անգամ ԽՍՀՄ գավաթը բացակայել է իր տաղավարից և «մասնակցել» նկարահանումներին։
Ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է: Գլխավոր դերը վստահվել է Եգոր Բերոևին, նկարահանման հրապարակում նրա գործընկերներն են Սոֆյա Դոնյանցը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Բաբկեն Չոբանյանը, Անահիտ Կիրակոսյանը, Անդրանիկ Խաչատրյանը և այլք։
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2025 թվականին:















