Նորություններ
«Բանավիճեցին» հայ և ռուս ուսանողները
25.10.2024
Ընտանեկան ավանդական արժեքներն ու ժամանակակից աշխարհում դրանց փոփոխությունները «Ուշինսկու ակումբ» միջազգային երիտասարդական բանավեճի ակումբի հերթական թեման էր։
Նախագիծն իրականացվում է ՀՊՄՀ-ի և ՌԴ Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի գործընկերության շրջանակներում՝ խառը` առցանց և առերես ձևաչափով։
4-րդ հանդիպմանը ներկա էին ՀՊՄՀ Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավարի տեղակալ Աննա Հախումյանը, Արմավիրի համալսարանից՝ Աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոման Բլիզնյակն ու Գիտահետազոտական, ինովացիոն գործունեության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, միջազգային ծրագրերի ղեկավար Լյուդմիլա Խլուդովը։
Հանդիպման սկզբում պրոռեկտոր Ռոման Բլիզնյակը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են ընկալում ընտանեկան ավանդական արժեքները երկու երկրների երիտասարդները և ի՞նչ գիտեն միմյանց ազգային առանձնահատկությունների մասին։ Նա ընդգծեց՝ ՌԴ Արմավիր քաղաքը հայաշատ է․ արդյո՞ք տեղանքն ու միջավայրն ազդել են այդ արժեքների վրա։
Ռուս գործընկերներին ողջունեց ՀՊՄՀ միջազգային բաժնի ղեկավարի տեղակալ Աննա Հախումյանն ու նշեց՝ իսկապես թեման արժեքավոր է։ Նա կարծում է, որ քննարկման նյութ կարող է լինել նաև ընտանեկան արժեքների ու ավանդույթների միմյանց հետ փոխկապակցվածությունը․«Մեր օրերում ընտանեկան ձևաչափը որոշակի փոփոխության է ենթարկվել։ Յուրաքանչյուր ընտանիք այս առումով ունի իրեն բնորոշ արժեքներ, սակայն կան ընդհանրություններ, որոնք համամարդկային են։ Արժեքներ կան, որ գալիս են ավանդությունից, սակայն ժամանակն իրենն է անում։ Մանկավարժականը, որ կրթում ու դաստիարակում է ուսուցիչների, պատասխանատու է նաև հենց այդ արժեքների ձևավորման համար»։
Ծավալվեց ակտիվ բանավեճ․ երիտասարդներն իրենց կարծիքները հայտնեցին թեմայի վերաբերյալ և ընդգծեցին` ցանկացած պարագայում պետք է դաստիարակել այնպիսի սերունդ, որը կկարևորի ընտանեկան արժեքներն ու հավատարիմ կմնա իր ավանդույթներին` միևնույն ժամանակ ադապտացվելով կյանքի այդ ժամանակահատվածին բնորոշ իրողություններին։