Նորություններ

Կոջոյանի անվան ցուցասրահ՝ ՀՊՄՀ-ում

Կոջոյանի անվան ցուցասրահ՝ ՀՊՄՀ-ում

31.10.2024

ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ցուցասրահն այսուհետ կկրի ՀՀ վաստակավոր նկարիչ Լևոն Կոջոյանի անունը։

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը վստահ է՝ Կոջոյանի ոճը, նրա արվեստին բնորոշ ուղենիշներն այսուհետ էլ ավելի կհարստացնեն ուսանողների մասնագիտական գունապնակը՝ ստեղծելով հոգեբանական անհատականության մի նոր ձեռագիր, որը ֆակուլտետի պատմության մեջ բացելու է նոր էջ․ներազդումները պայմանավորում են մի նոր որակ։

Նա կարծում է, որ ուսման համար առաջնահերթությունը միջավայրն է, այն սոցիալական տիրույթը, որտեղ ձևավորվում է ուսանողի անհատականացման ու որակական զարգացման ընթացքը։

Ռեկտորը ողջունեց նախաձեռնությունը, արձանագրելով՝ նման ձեռնարկներն անվիճելիորեն կապված են դասավանդման մեթոդիկայի հիմնախնդիրների հետ, որոնց համար պարտական ենք ֆակուլտետում դասավանդած մեծերին․ «Սրահում կախված կոջոյանական նկարներն արտահայտում են ազատության, սիրո, ջերմության, ճախրանքի զգացողություններ, որոնց ես հաղորդակից դարձա»,-նշեց Սրբուհի Գևորգյանը։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն ընդգծեց՝ ավանդական է դարձել ֆակուլտետում դասավանդած և ուրույն ձեռագիր թողած մեծ նկարիչների անուններով լսարաններ կոչելը։ Նա հույս հայտնեց, որ ուսանողական սերունդներն այդ ավանդույթը կդարձնեն շարունակական․«Այն հումանիզմը, որ բնորոշ էր Լևոն Կոջոյանին, փոխանցվել է նրա սաներին ու գործընկերներին։ Յուրաքանչյուրն, ով շփվել է Լևոն Կոջոյանի հետ, մշտապես կհիշի նրա բարի խորհուրդները»։

Ցուցասրահի անվանակոչմանը ներկա էր նաև ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։ Նա պատիվ է ունեցել ճանաչել ու շփվել Լևոն Կոջոյանի հետ․ «Տարիների հեռվից ջերմ հիշողություններ են արթնանում։ Նա բացառիկ էր, բարի, հայրենասեր ու պարկեշտ մարդ, ում հետ շփվելը պարզապես հաճույք էր։ Ցուցասրահը նրա անունով անվանակոչելը մեծ մարդու և արվեստագետի գործը արժևորելու, նրան մեծարելու լավագույն առիթ է, որպեսզի հետագա սերունդները ճանաչեն մեծերին»։

ՀՊՄՀ պրոֆեսոր, գեղանկարիչ Լեմս Ներսիսյանը Լևոն Կոջոյանի սանն է։ Վստահեցնում է՝ Կոջոյանից հետո չի հանդիպել ոչ նման նկարչի, ոչ էլ մանկավարժի։ Ասում է՝ պարտադիր չէ, որ մանկավարժը կոչումներ ունենա, բայց նրա սովորեցրածը մնայուն է․ բոլոր սաներն իսկապես նկարիչներ են դարձել․«Մարդ, որը մեզ սովորեցրել է՝ ինչպես սովորեցնել։ Ես շատ գոհ եմ, որ աշակերտել եմ նրան և աշխատում եմ մի քիչ նմանվել իրեն․ բարությունն ու մարդասիրությունը շատ կարևոր են դաստիարակության առումով, հատկապես, երբ մենք պատրաստում ենք կերպարվեստի մասնագետներ։ Եվ եթե նկարիչը բարի չի լինում, նրա ստեղծագործությունները չեն դիտվում»։

Ներկաներին ողջունեց և իր երախտագիտությունը հայտնեց նաև Լևոն Կոջոյանի որդին՝ Հարություն Կոջոյանն ու նշեց՝ առաջիկայում կպատրաստեն Կոջոյանի ողջ նկարչական ժառանգությունը ներկայացնող պատկերագիրք։ Հարություն Կոջոյանը պատմեց՝ հայրը վերջին օրերին նկարում էր գունավոր մատիտներով․նա կարծես վերադարձել էր մանկություն։

Ի դեպ, Լևոն Կոջոյանի անվան ցուցասրահի անվանակոչումն ուղեկցվեց գեղանկարչի լավագույն ստեղծագործությունների ցուցադրությամբ։ «Կերպարվեստ» մասնագիտությամբ ուսանողները վերստեղծեցին գեղանկարչի կտավները` սեփական մոտեցմամբ։

Comments are closed.