Նորություններ

Նոյեմբերի 7-ը Մանկավարժական համալսարանի հիմնադրման օրն է 

Նոյեմբերի 7-ը Մանկավարժական համալսարանի հիմնադրման օրն է 

07.11.2024

Այսօր Մանկավարժական մայր բուհի հիմնադրման օրն է: 1922 թվականից մանկավարժական մայր դարբնոցն ունի միևնույն և կարևորագույն առաքելությունը՝ սովորեցնում է սովորեցնել։

Բոլոր ժամանակներում մանկավարժի անսպառ նվիրումը ռազմավարական նշանակություն է ունեցել հայ ժողովրդի գոյատևման, զարգացման ու հարատևման գործում։ Նրանք են կրթել և դաստիարակել հայրենասեր ու բանիմաց, հայրենատեր ու կամային սերունդներ, որոնք կերտել են հայ ժողովրդի պատմությունն ու այսօր էլ շարունակում են կերտել նրա ապագան։

Արդեն մեկ դար և ավելի մանկավարժական մայր դարբնոցը բարձրագույն կրթության ոլորտի առաջատարներից է․ միայն Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող հաստատության առջև է դրված կարևոր ու անկյունաքարային առաքելություն՝ սովորեցնել, թե ինչպես սովորեցնել ապագա սերունդներին։

2022 թվականը յուրատեսակ առիթ էր՝ ամփոփելու մեկդարյա հաստատության  ձեռքբերումներն ու նվաճումները, սակայն այն նաև կարևոր կանգառ էր՝ նախանշելու հետագա անելիքները, նորովի արժևորելու մանկավարժի մասնագիտության կարևորությունը, սահմանելու նոր ու առավել բարձր նշաձող։

Դժվարին ու սրընթաց զարգացող աշխարհը նոր փոփոխություններ է բերել նաև բարձրագույն կրթության և մանկավարժության ոլորտներում։ Մյուս կողմից՝  խաղաղ և բարօր երկրում կրթվելը դարձել է օրվա հրամայական․ նվիրյալ մանկավարժներին է վերապահված հաղթահարել ներկա մարտահրավերները՝ պահպանելով անցյալի նվաճումներն ու ձեռք բերելու նորերը։

Սիրելի՜ աբովյանականներ, շնորհավորում ենք հարազատ կրթօջախի հիմնադրման առթիվ։ Պատվով կրեք Մեծ Լուսավորչի անունը կրող շրջանավարտի, դասախոսի, ուսանողի, աշխատակցի վեհ կոչումը․ այդ կոչմանը վերաբերեք միայն ու միայն հպարտությամբ։

 

Comments are closed.