Նորություններ
Տեղի է ունեցել Տիգրան Մանսուրյանին նվիրված մենագրության շնորհանդեսը
27.01.2025
Այսօր լրանում է հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 86-րդ տարեդարձը: Այս առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Մաեստրո Մանսուրյանը:
«Տիգրան Մանսուրյան» մենագրության հեղինակը ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանն է։
Հեղինակը նրան նկարագրում է՝ որպես երաժիշտ, մտածող, գեղագետ և արարող: Աշխատությունը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական գործունեության ուսումնասիրությանը նվիրված առաջին գիտական հետազոտությունն է, որտեղ հեղինակը քննության է առել կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունը, նրա առնչությունները 20-րդ դարի համաշխարհային երաժշտությանը, համագործակցությունը մի շարք երևելի երաժիշտ-կատարողների հետ, ինչպես նաև կոմպոզիտորի գեղագիտական հայացքները»:















