Նորություններ
Թանգարանի և դպրոցի համագործակցության խնդիրները՝ ուսումնական ձեռնարկում
17.12.2025
«Թանգարանը հսկայական կրթական ներուժ ունի դպրոցին օգնելու, աջակցելու համար։ Դպրոցն ու թանգարանը համատեղ շատ անելիքներ։ «Թանգարանի և դպրոցի համագործակցության խնդիրները» ուսումնական ձեռնարկն իմ 40-ամյա փորձի ամփոփումն է»,-Մանկավարժական համալսարանում կայացած գրքի շնորհանդեսին նշեց հեղինակը՝ ՀՊՄՀ Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դոցենտ, բուհի Պատմության թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը։
Ուսումնական ձեռնարկը հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» ծրագրի շրջանակներում։ Հրատարակության է երաշխավորվել ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի խորհրդում։
Շնորհանդեսին ներկա էին բուհի ղեկավար և դասախոսական կազմը, հանրապետության դպրոցների ուսուցիչներ, թանգարանային մասնագետներ։
Գրքի առաջաբանի և վերջաբանի հեղինակը ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Մկրտչյանն է։ Նա ծրագիրը մեծ քաղաքականության փոքրիկ կտոր է համարում և նշում, որ այն մեկ անգամ ևս անդրադառնում է՝ ի՞նչ է կրթությունը, ինչու՞ է պետք, ինչպե՞ս իրականացնել այն՝ աշակերտի կարիքները բավարարելու, փաստահեն, գիտելիքահեն դարձնելու համար։
Լիլիթ Մկրտչյանը նշեց՝ ձեռնարկը կօգնի ինչպես ուսուցիչներին, այնպես էլ թանգարանային աշխատողներին․ մի կողմից այն կզարագացնի կրթության բովանդակությունը թանգարանային կրթության ներգրավմամբ, մյուս կողմից՝ թանգարանների գործունեությանը կհաղորդի նոր, կրթական ուղղվածություն։
Նա խոսեց նաև կրթական համակարգում հանրակրթության պետական չափորոշչի փոփոխությունների մասին՝ նկատելով, որ դրանում նշանակալի տեղ է զբաղեցնում կիրառելիության բաղադրիչը․ առաջնային էր ուսուցիչների համար լրացուցիչ գործիքների ստեղծումը, փորձն ու իմացությունը՝ դասերն առավել պատկերավոր, հետաքրքիր դարձնելու համար․ «Հանրապետության բոլոր մշակութային հուշակթողների քարտեզագրումը հնարավորություն տվեց դասերն անցկացնել այդ վայրերում, իսկ ստեղծված ուղեցույցն ուսուցիչների համար օգնություն էր՝ թանգարանների ու գրադարանների ներուժը դասերին օգտագործելու տեսանկյունից»,-նշեց Լիլիթ Մկրտչյանն ու հավելեց՝ ձեռնարկը ստեղծվեց որպես այդ ամենի վերջնարդյունք, որտեղ Մանկավարժական համալսարանը առաջնային դեր է ունեցել։
Նշենք, որ «Թանգարանի և դպրոցի համագործակցության խնդիրները» ծրագրի նպատակն էր ընդլայնել թանգարանների դերը ֆորմալ կրթության գործընթացում՝ ամրապնդելով թանգարան-դպրոց համագործակցությունը և ներկայացնելով թանգարանները որպես արդյունավետ կրթական ռեսուրս՝ սովորողների ուսումնառությունը խորացնելու համար։ Ծրագրի արդյունքներով՝ ուսուցիչներն ու թանգարանային մանկավարժները համատեղ մշակել են նաև դպրոցական ուսումնական ծրագրերին համապատասխան թանգարանային կրթական ծրագրեր։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, որը ևս ներկա էր շնորհանդեսին, նշեց՝ Ալվարդ Գրիգորյանի հետ համագործակցությունը շուրջ երկու տասնամյակի պատմություն ունի։ Գրքի հրատարակումը դպրոց-թանգարան համագործակցության, թանգարանային կրթությունն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու և բյուրեղացնելու կարևոր բաղադրիչ համարեց։ Նկատում է՝ ինչպես թանգարաններում ցուցադրվող և պահվող մշակութային ժառանգության հնարավորություններն ու ներուժն են անսահամանափակ, այնպես էլ՝ դրանից բխող կրթական հնարավորությունները։
«Թանգարանի և դպրոցի համագործակցության խնդիրները» ուսումնական ձեռնարկի խմբագիրը ՀՊՄՀ թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ Ամատունի Վիրաբյանն է։ Պրոֆեսորը նշում է՝ մարդու զարգացման, նրա մշակութային ձևավորման գործում դպրոցից հետո ամենակարևորը թանգարանն է։ Լինելով աշխարհի շատ թանգարաններում՝ համոզվել է՝ այն մնում է յուրաքանչյուր տարածաշրջանի ժողովրդի մշակութային պատմության կարևոր մասը։
Ներկաներն ընդգծեցին ձեռնարկի ստեղծման անհրաժեշտությունն ու թանգարան-դպրոց համագործակցության համատեքստում այն դիտարկեցին մեծ և հիմնարար ներդրում։
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց ուսումնական ձեռնարկի մեթոդական և կիրառական մոտեցումները, «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» դասընթացի արդյունքները, ինչին հաջորդեց թանգարան–դպրոց համագործակցության խնդիրների և զարգացման հնարավոր ուղիների վերաբերյալ բաց քննարկում։















