Նորություններ
ՀՊՄՀ ուսանողները՝ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներ
19.12.2025
Ամփոփվել են ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2025 թվականի մրցույթի արդյունքները․ բարձր առաջադիմությամբ 37 ուսանող կստանա կրթաթոշակ:
Այն անցկացվել է 7 ոլորտում՝ ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բուհերի՝ առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ուսանողների համար։
Հումանիտար գիտությունների ոլորտում 1-ին տեղը զբաղեցրել ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ Ֆելիքս Բախչինյանը, իսկ 3-րդ տեղը՝ բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող Հասմիկ Գալստյանը։
Մրցույթի արդյունքներով՝ Հայագիտության ոլորտում 2-րդ տեղը զբաղեցրել է ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասանգիտության 4-րդ կուրսի ուսանող Անի Պապիկյանը։
«Լավագույն ուսանող» մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում, ինչպես նաև խթանել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, նրանց մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտներում։
«Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներից Ֆելիքս Բախչինյանն ուսումնառության ճանապարհին հումանիտար գիտությունների ոլորտում լավագույն ուսանող ճանաչվելն իր համար կարևոր արդյունք է համարում: Նկատում է՝ այն իր համար նոր պատասխանատվություն է և խթան՝ շարունակելու ուսումն ու գիտական զարգացումը նոր հաջողությունների հասնելու նպատակով։ Ընդգծում է՝ Մանկավարժական համալսարանում ստացած կրթությունն ու ձևավորված արժեքները մեծ դեր են ունեցել իր մասնագիտական կայացման մեջ։
Մրցույթի արդյունքներով՝ 1-ին տեղը զբաղեցրած 14 ուսանողի կշնորհվի 393 500-ական ՀՀ դրամ դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած 14 ուսանող կստանա 313 500-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 9 ուսանող՝ 233 500 ՀՀ դրամ կրթաթոշակ:















