Նորություններ
Աբովյանականները՝ «Հաղթանակի կամք» անվանակարգի հաղթողներ
25.12.2025
ՀՊՄՀ ուսանողների թիմը ռուսերենով բանավեճի Հայաստանի միջբուհական առաջնության հաղթող է ճանաչվել «Հաղթանակի կամք» անվանակարգում։
Աբովյանականները միակն էին, որ առաջնությանը պատրաստվել էին առանց առաջնորդության և օգնության․թիմի հետևողական աճն ու փայլուն մրցելիությունը ժյուրիի համար ևս աննկատ չմնացին:
Ուսանողները՝ բուհի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանի գլխավորությամբ, ներկա գտնվեցին առաջնության եզրափակչին։
Հայաստանում Ռուսական տան նախագիծը մեկնարկել էր մարտի 12-ին․ Մանկավարժականից մրցույթին մասնակցել են բուհի ՈւԽ Բանավեճի ակումբի պատասխանատու Աստղիկ Հարությունյանը, Պատմության և հասարակագիտության, ինչպես նաև Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Դավիթ Սահակյանը, Նաիրի Անդրեասյանն ու Ալյոնա Օհանյանը։
ՀՊՄՀ թիմը մրցել է Շիրակի պետական համալսարանի թիմի հետ, գրանցել հաղթանակ։ Բացի այդ, ուսանողները բանավիճել են նաև Հայաստանի ամերիկյան, Հայ-ռուսական և Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանների թիմերի հետ՝ դրսևորելով բարձր պատրաստվածություն, վերլուծական միտք և մրցակցային ոգի։
Եզրափակչին ներկաներին ողջունեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու շնորհավորեց թիմերին եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ՝ ընդգծելով բանավեճի այս ձևաչափի կարևորությունը։
Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն էլ նշեց՝ հպարտ է, որ հաջողվեց կյանքի կոչել ինքանտիպ նախագիծը, որն ընթացել է ամբողջ տարի։
Բանավեճերի թեմաները ներառում էին հատուկ ընտրված պատմական հարցադրումներ․մասնակիցները հետևողականորեն վերլուծել են կարևորագույն պատմական ժամանակաշրջանները՝ XIX դարի սկզբից և Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրության կազմում ընդգրկվելուց մինչև 20 դար, Հայաստանի առաջին հանրապետություն, խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջան:
«Մրցույթը հնարավորություն տվեց մասնակիցներիս վերարժևորել և խորացնել մեր գիտելիքները, զարգացնել քննադատական մտածողություն, ինչպես նաև կատարելագործել բանավեճի և հրապարակային խոսքի հմտությունները։ Վերջիններս կարևոր դեր ունեն ոչ միայն ակադեմիական միջավայրում, այլև խոսքի մշակույթի և մասնագիտական հաղորդակցության զարգացման գործում»,- aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ ՈւԽ Բանավեճի ակումբի պատասխանատու Աստղիկ Հարությունյանն ու հավելեց՝ միջհամալսարանական առաջնությունը նպաստեց նաև ուսանողների միջև փորձի փոխանակմանը, միջհամալսարանական և միջազգային համագործակցության ամրապնդմանը, բանավեճային մշակույթի զարգացմանը համալսարանում։















