Նորություններ
Մեկնարկեց վերապատրաստման նոր ծրագիր
31.01.2026
Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցություն Հայաստանի դպրոցներում» ծրագիրը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի, ԿԳՄՍ նախարարության և «Դասավանդիր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի ռազմավարական գործընկերներ են ընտրվել Մանկավարժական համալսարանը և Հոգեբանամանկավարժական կենտրոնը/ՀՄԿ/։
«Մանկավարժականն այն միջավայրն է, որը բաց է բոլոր ներդրումների համար»,-ընդգծեց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը՝ ներկաներին մաղթելով արդյունավետ համագործակցություն։ «Դասավանդիր հանուն Հայաստանի»-ի համակարգային նորարարությունների գծով տնօրեն Ալեքսանդր Պլատո Հակոբյանը ծրագրի մեկնարկի ողջույնի իր խոսքում ընդգծեց հատուկ վերաբերմունքը Մանկավարժական համալսարանի նկատմամբ, հատկապես նկատելով մանկավարժների ընտանիքում մեծացած լինելու հանգամանքը։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանին, նաև Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանին, ում հետ երկարատև համագործակցության դրական փորձ ունեն։
«Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցություն Հայաստանի դպրոցներում» ծրագրի համակարգող խմբի անդամներ Դիանա Թորոսյանը, Անի Հարությունյանը և Սոնա Կոշեցյանը համալսարանի մի խումբ դասախոսների ներկայացրին ծրագրի բովանդակությունը և փուլային այցելությունների արդյունքները հանրապետության տարբեր մարզերի միջամտության և համեմատության 450 դպրոցում:
Փորձագիտական խմբի ղեկավար Անի Հարությունյանն ընդգծեց՝ ծրագրի նպատակը դպրոցականների հոգեկան առողջության բարելավումն է, և առաջիկայում լավ արդյունքների դեպքում ծրագիրը պետական աջակցությամբ կկիրառվի հանրապետության բոլոր դպրոցներում։ Առաջին արդյունքներն, ըստ նրա, ծնողները գոհացուցիչ են համարել։
Ծրագրի ինտերակտիվ մոտեցումները կրթական համակարգի բոլոր օղակների համար է նախատեսված, ըստ թիրախային խմբերի, աշխատանքը՝ մշակված վարժանքների օգնությամբ, ուսուցիչներին հնարավորություն կտա առավել դյուրին հասկանալ խնդիրները։
Ծրագրի hամակարգողները լիահույս են՝ այն նոր փոփոխություններ կբերի կրթական համակարգ, կնպաստի երեխաների կյանքի որակի բարելավմանը։
Այսօր մեկնարկեց 8-շաբաթյա առցանց ձևաչափով սեմինար-վերապատրաստումների ծրագիրը, որին կմասնակցեն նաև ՀՊՄՀ դասախոսները։ Սա համագործակցության լայն հնարավորություն կընձեռի երկու կողմին էլ՝ հետազոտական գաղափարների դուրսբերման նոր հարթակ ստեղծելու միտումով՝ ակնկալում են ծրագրի գործընկերները։















