Նորություններ
Նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել»․ Հրանտ Թադևոսյան
09.02.2026
ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 60-ամյակի առթիվ գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ և տարբեր երկրների նկարիչների միությունների, միջազգային ընկերությունների ու ակադեմիաների անդամ Հրանտ Թադևոսյանին շնորհվեց «Մանկավարժական համալսարան» մեդալ։
Նա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (այն ժամանակ՝ ինստիտուտ) Գեղագիտության ֆակուլտետի նկարչագծագրական բաժնի առաջին շրջանավարտներից է։
Վարպետը շուտով կդառնա 88 տարեկան․ անվանի գեղանկարիչը կարծում է, որ սիրո գույնը կփրկի աշխարհը․ սերն է գերագույն ճշմարտությունը։
Հրանտ Թադևոսյանը, տարիների հեռվից հիշելով Մակավարժականում սովորելու տարիները, ասում է՝ լավ հիշողություններ են մնացել․ մի անբացատրելի ճշմարտություն կար ինստիտուտ ընդունվելու տարիներին։
Ըստ գեղանկարչի, առաքինի զգացողություն էիր ապրում, երբ ուսանող էիր ու մի տեսակ տարբերվում էր քո կյանքը նախկին ապրելակերպից։
Ինստիտուտի դասընթացները համարում է վառ ու տպավորիչ․ Արարատ Ղարիբյան, Պետրոս Բեդիրյան, Կարո Մինասյան, Կառլեն Միրզախանյան։ Ուսանողները մեծ պատկառանքով էին լսում նրանց, մի ընտանիքի նման՝ համախմբված աշխատում էին։
Հիշում է նաև Մանկավարժականի կազմակերպած նկարչության բաց դասերը բնության գրկում․ Հաղարծինի ճանապարհին՝ գետի ձախ ափին, վրաններ էին խփում և նկարում դասախոսների հետ միասին, որոնք անդառնալի հետք են թողել գեղանկարչի կենսագրության մեջ։
«Կտավը պետք է ծնվի ինքնին։ Ձեռքը պետք է աշխատի ինքն իրեն, ամեն ինչ պետք է ենթարկվի ներքին մղումին։ Նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել»,-նշում է վարպետն ու հավելում՝ ստեղծագործելու պահին երբեմն վերանում է աշխարհից․ ամբողջությամբ գտնվում է այդ զգացական հարթության մեջ, չզգալով իր գոյությունը։
Հրանտ Թադևոսյանը հավատում է բնության ամենազորեղ ճշմարտությանը․ բնության մեջ ոչ մի պատահական բան չկա և ամեն ինչ համաչափությունների մեջ է։
Արդեն 65 տարի կրթական համակարգում գործունեություն ծավալող գեղանկարիչ-մանկավարժն այսօր էլ շարունակում է դասավանդվել, կարևորում է օբյեկտիվ գնահատելը, մասնակցում է Մանկավարժական համալսարանի ավարտական որակավորման քննություններին։ Սիրում է, երբ դասախոս-ուսանող համերաշխ են․այնպես, ինչպես համերաշխ են իր մեջ ապրող նկարիչն ու մանկավարժը։















