Նորություններ
ՀՊՄՀ-ում անցկացվեց ռուսաց լեզվի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագիր
10.02.2026
Մանկավարժական համալսարանում ռուսաց լեզվի ուսուցիչների համար անցկացվեց «Ռուսերենը որպես օտար լեզու գործնականում. տեսությունից մինչև պրակտիկա» թեմայով մասնագիտական զարգացման ծրագիրը։
«Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունն իրականացվեց ՀՊՄՀ-ի աջակցությամբ՝ «Ռուսաց լեզվի անվճար դասընթացներ Հայաստանում» նախագծի շրջանակներում․ մասնակցեց հանրապետության ավելի քան 50 մանկավարժ։
Ծրագրի վերապատրաստողները Մոսկվայի պետական մանկավարժական, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանների, ՀՊՄՀ Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի՝ ռուսերենը որպես օտար լեզու դասավանդելու ոլորտում առաջատար փորձ ունեցող մասնագետներն են։
Մասնակիցներին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի անունից ողջունեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական և ՌԴ կրթության նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Վոժդաևը։ Նա ընդգծեց ռուսաց լեզվի ուսուցիչների հատուկ դերը Հայաստանի և Ռուսաստանի միջև հումանիտար կապերի ամրապնդման գործում և ՌԴ դեսպանատան անունից շնորհակալագրեր հանձնեց մի քանի ուսուցչի. «Դուք ոչ միայն ռուսաց լեզվի, այլև ռուսական մշակույթի դեսպաններն եք։ Ձեր շնորհիվ Հայաստանի բոլոր մարզերի երեխաները դառնում են մեր երկրի բարեկամներ և մեր ժողովուրդների միջև դարեր շարունակ գոյություն ունեցող բարեկամության շարունակողներ»,-նշեց նա։
ՀՊՄՀ Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանն էլ ընդգծեց բուհի և «Մեր ապագան» հիմնադրամի միջև երկարատև համագործակցության կայունությունն ու արդյունավետությունը՝ նշելով, որ արդեն մի քանի տարի հաջողությամբ իրականացնում են մասնագիտական զարգացման համատեղ ծրագրեր։
Միջոցառման ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր։ Ինչպես նկատեցին նրանք՝ ծրագիրը դարձավ կարևոր մասնագիտական հարթակ՝ փորձի փոխանակման, արդիական մարտահրավերների քննարկման և ռուսերենը որպես օտար լեզու դասավանդելու ոլորտում գործնական լուծումներ գտնելու համար:















