Նորություններ
«Գլուխ գլխի»․ համագործակցության հարթակ՝ կրթության ոլորտում
18.02.2026
Մանկավարժական համալսարանում կայացավ մտքերի և փորձի փոխանակման «Գլուխ գլխի» խորագրով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը: Այն ստեղծվել է ՀՊՄՀ-ի և ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ։
Միասնական հարթակի նպատակն է միավորել կրթության ոլորտի մասնագետներին՝ համատեղ մտածելու, քննարկելու և զարգանալու, ապահովելու տնօրենների և մանկավարժների մասնագիտական երկխոսությունը, փորձի փոխանակումն ու կրթական նորարարությունների տարածումը։
Նախագծի նպատակներից է նաև կրթության գործընթացի բոլոր մասնակիցների միջև համագործակցության խթանումը, առաջադեմ գաղափարների և հաջողված փորձի ներկայացումն ու քննարկումը, ժամանակակից կրթական մարտահրավերներին համատեղ լուծումների որոնումը։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ողջունեց և կարևորեց նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ ամենամսյա հանդիպումները կնպաստեն դպրոց-բուհ կապի ամրապնդմանը, հանրակրթության ոլորտում առկա ամենատարբեր խնդիրների վերհանմանը, հաջողված փորձի փոխանակմանը, կծառայեն որպես փորձագիտական դաշտ և հետագա կարևոր քայլերի հիմք։
Հանդիպմանը ներկա էին դպրոցների տնօրեններ, կրթության տեսչական մարմնի ղեկավար կազմը, կրթության ոլորտի փորձագետներ, բուհի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոսներ։
Մեկ գործող տնօրեն՝ իր հաջողված պատմությամբ և մեկ փորձագետ, որը տեսությամբ զուգահեռներ կտանի ներկայացվածի վերաբերյալ, ինչին կհաջորդի հարցուպատասխան։ Այս ձևաչափով հանդես եկան առաջին օրվա բանախոսները՝ Աբովյանի N2 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանն ու կրթության միջազգային փորձագետ, պատմաբան-մանկավարժ, մեթոդիստ Սեդա Քոչարյանը։ Նրանք ներկայացրին «Կրթական նորարարությունները ժամանակակից դպրոցում» թեման։
Արթուր Տաշչյանը, իր ղեկավարած կառույցի օրինակով, գործընկերներին ներկայացրեց իրենց հաջողված պատմությունն ու նորարական կրթությանը միտված քայլերը, որոնք դպրոցում ձևավորեցին նոր մշակույթ և միջավայր։ Իսկ Սեդա Քոչարյանը հիմնավորեց, թե ինչու չպետք է հանձնվել առաջին իսկ դժվարության ժամանակ և թե ինչպես է հնարավոր փոխել դպրոցական մշակույթը՝ «ես չեմ կարող սա անել» մտքից, տեղափոխվելով՝ «ես դեռ չեմ կարողանում սա անել» մտքին։
Հանդիպմանը տնօրենների աշխատանքների կազմակերպման և ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների մասին խոսեց Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ինչին հաջորդեց հարց ու պատասխան։















