Նորություններ
Մանկավարժականում նշեցին Գիրք նվիրելու օրը
19.02.2026
Փետրվարի 19-ը՝ Գիրք նվիրելու օրը, Մանկավարժական համալսարանում նշանավորվեց 350 գրքի նվիրատվությամբ․նախաձեռնությունը ՀՊՄՀ Գիտական գրադարանինն էր։
Ինչպես նշեց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը՝ մեզնից յուրաքանչյուրը փոքր տարիքից կարդում և ապրում է Թումանյանով․հրաշալի նախաձեռնություն է, որ Թումանյանի ծննդյան օրը մեզանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը շնորհավորեց ներկաներին և կարևորեց մեծ լոռեցու ծննդյան օրը գիրք նվիրելու համահայկական տոն դարձնելը․ «Մարդ որքան շատ է կարդում, այնքան կյանքի նոր շերտեր է բացում։ Գիրքը մեր առջև բացում է աշխարհի դռները, մեր հոգում լույս է ավելացնում, մտածել, երազել, ստեղծագործել է սովորեցնում»։
Գիտական գրադարանում բացվել է նվիրատվությունների ցուցասրահ՝ 18-19-րդ դարերի գրքերով և հայտնի մտավորականների գրառումներով․«Այս գրքերը եզակի պատմական արժեք ունեն․դրանք հեղինակի, գիրք ստացողի և ժամանակի մասին են խոսում։ Այս ամենը արվեստ է՝ գեղեցիկ նվիրագրերով»,-նշեց Տիգրան Պետրոսյանցը։
Միանալով օրվա խորհրդին՝ Լիլիթ Մկրտչյանը ևս իր հեղինակած գիրքը նվիրեց գրադարանին՝ մաղթելով, որ օրը բոլորի սրտերին, հոգուն և մտքին լույս բերի, տա թևեր ՝ թևածելու և առաջ գնալու։
Միջոցառմանը մասնակցում էին բուհի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, Աբովյանի անվան համար 2 հիմնական դպրոցի աշակերտներ, հյուրեր։
«Հայ գրողների մեջ ամենահարուստ գրադարանը ունեցել է Հովհաննես Թումանյանը։ Գիրքը եղել է, կա, լինելու է կրթված մարդու մշտական ուղեկիցը։ Անկախ մասնագիտությունից և տեխնոլոգիաների առաջընթացից, ես իմ ուսանողներին հորդորում եմ գիրք կարդալ։ Թող Թումանյանը առաջ տանի, կապի գրքի հետ․ նա երբեք չի հնանում և միշտ արդիական է»,- օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին՝ նշեց Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ԳԱԱ թզթակից անդամ, պրոֆեսոև Աելիտա Դոլուխանյանը։
Տոնը կարևորեց նաև «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանն ու նշեց՝ գիրք նվիրելու այդ մեկ օրվա վերաիմաստավորման շնորհիվ զարթոնք ենք ապրելու։
Ձեռնարկին ներկա էր նաև ՀՊՄՀ շրջանավարտ, Ուզբեկստանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը, որը հոր, մեծանուն պատմաբան Վարդան Գրիգորյանի գրադարանից ավելի քան 100 գիրք է նվիրել է համալսարանի գիտական գրադարանին, որ դրանք շարունակեն ապրել։
Նա խոսեց գրքերի նվիրատվության, հոր սերնդի մասին, որ իրենց գործի նվիրյալներն էին և ստեղծել են գրքեր, որով առաջ են տարել հայ պատմագիտությունը։
«Օրը հիշարժան է․ մենք սերտում ենք Ամենայն հայոց բանաստեղծի դասերը՝ հիշելով նրան Դսեղում, Թիֆլիսում, Էջմիածնում, Վանում»,-նշեց Բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը՝ ներկայացնելով հայոց որբերի հոր՝ մեծանուն բանաստեղծի մարդասիրական արարքներից։
Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը ևս խոսեց գրքի կարևորության ու արժեքի մասին՝ փաստելով՝ հարուստ է այն մարդը, որը հնարավորություն է ունեցել շփվել գրքի հետ․«Մենք Թումանյանով ենք մեր լեզուն սովորել, Թումանյանով ենք մեր պատմությունը զգացել, մենք Թումանյանի օրինակով ենք մեծացել»,- նշեց պրոֆեսորն ու վստահեցրեց՝ որքան կարողանանք մեր սերն ու հավատարմությունը գրքի նկատմամբ փոխանցել երիտասարդ սերունդներին, այնքան ավելի կշահենք․ գիրքը հարստացնում է մեր մայրենի լեզուն ու գիտելիքները։
Օրն ամփոփեցին Բանասիրական ֆակուլտետի ուսանողները, որոնք ներկայացրին մեծն Թումանյանին ուղղված իրենց նամակները։ Աբովյանի անվան N2 հիմնական դպրոցի աշակերտներն էլ ասմունքեցին և երգեցին՝ կատարելով Թումանյանի ստեղծագործություններից։















